ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Twitter սոցիալական ցանցում իր մշտական արգելքը՝ հայտարարելով, որ այժմ, երբ ինքն այլեւս չկա ցանցում, այն այլեւս այնքան էլ գրավիչ չէ։
«Ես ձեզ կասեմ, որ ցանցն այլեւս այն չէ: Եթե նայեք, թե ինչ է կատարվում Twitter-ում, կհասկանաք, որ այն շատ ձանձրալի է դարձել, եւ միլիոնավոր մարդիկ հեռանում են: Նրանք հեռանում են, քանի որ այն նույնը չէ, եւ ես կարող եմ հասկանալ, որ... Դա շատ ձանձրալի է դարձել, մենք չենք ցանկանում վերադառնալ Twitter»,- ասել է Թրամփը հաղորդավար Գրեգ Քելլիին:
ԱՄՆ նախկին նախագահն «ամոթալի» է անվանել Twitter-ի պիտակները՝ կապված նախագահական ընտրություններում կեղծիքների մասին իր գրառումների հետ։
Սակայն նա խուսափել է որեւէ հստակ հայտարարությունից եւ փոխարենը հիշեցրել է Twitter-ում իր մեծ թվով հետեւորդների մասին միչնեւ հունվարի 8-ը, երբ ընդմիշտ արգելվեց նրա մուտքը սոցիալական ցանց այն հռետորաբանության համար, որը հանգեցրեց ԱՄՆ Կապիտոլիումի գրոհին:
«Գիտեք, ես ունեի 89 միլիոն (հետեւորդներ Twitter-ում)... եւ ի լրումն դրա ես ունեի 36 միլիոն կամ 39 միլիոն @POTUS-ում, եւ մենք ունեինք այլ կայքեր, որտեղ մենք միլիոնավոր եւ միլիոնավոր մարդիկ ունեինք, այնպես որ մենք ունենք․․․ մոտավորապես նույն չափի, եւ նաեւ Facebook-ում»,- ասել է Թրամփը՝ վկայակոչելով այն փաստը, որ Facebook-ը նույնպես ընդմիշտ արգելել է իր մուտքը:





























