Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը կպահպանի Լեռնային Ղարաբաղի հացով համաձայնագիրը՝ անկախ Երեւանում տեղի ունեցող իրադարձություններից, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

«Մենք շատ հուսով ենք, մեծ ակնկալիք ունենք Հայաստանի ղեկավարների պատասխանատվությունից՝ անկախ նրանից, թե ինչ իրադարձություններ տեղի կունենան, պետք է իրավահաջորդություն լինի (Լեռնային Ղարաբաղի մասին համաձայնագրի իրագործման հարցում - խմբ.): Ցանկացած շարժումներ, ցանկացած քայլեր, որոնք կհակասեն այս համաձայնագրին, կարող են հանգեցնել մեծ ողբերգության, դա չի կարելի թույլ տալ»,- ասել է նա:

Խոսնակը հիշեցրել է, որ համաձայնագրի կնքումը կայունություն բերեց Անդրկովկասին: «Գործընթացները շարունակվում են, դրանք հեշտ չեն, բարդ են, ամեն օր նոր նրբություններ են ծագում: Բայց գլխավորն այն է, որ համաձայնությունը ձեռք է բերվել, եւ այժմ մենք պետք է ձգտենք, որպեսզի այն շարունակի իրագործվել՝ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ լիարժեք համաձայնությամբ»,- ընդգծել է Մատվիենկոն:

Անդրադառնալով Հայաստանում առկա իրավիճակին՝ Մատվիենկոն նշել է, որ Հայաստանը օգնության համար չի դիմել Ռուսաստանին: «Ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում, Հայաստանի ներքին գործն է: Հայաստանի ղեկավարության, իմ գործընկերոջ (ՀՀ խորհրդարանի նախագահի) կողմից Հայաստանին ինչ-որ հարցում օգնելու Ռուսաստանին ուղղված խնդրանքներ չեն եղել»,- ասել է նա։ Մատվիենկոն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք չի խառնվում ինքնիշխան պետությունների գործերին: «Իհարկե, մենք մտահոգությամբ ենք հետեւում այդ ամենին: Եւ մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում իրավիճակը հնարավորինս արագ կայունանա: Դա կարեւոր է հենց Հայաստանի, հայ ժողովրդի համար, դա, անկասկած, կարեւոր է նաեւ տարածաշրջանում կայունության համար»,- ասել է խոսնակը: