Ղարաբաղում անարդար խաղաղությունը նոր պատերազմի կհանգեցնի: Այս մասին հինգշաբթի ռուսական լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսին ասաց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, փոխանցում է «Sputnik-Արմենիա»-ն: Նրա խոսքով` պատերազմը ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի, այլ Հայաստանի իշխանությունների ձախողումն էր:

«Մինսկի խումբը հիմա անհրաժեշտություն է: Այն պետք է նաեւ Ռուսաստանին: Դժվար է ասել, թե որ ուղղությամբ կընթանա բանակցային գործընթացը Ղարաբաղի կարգավիճակի շուրջ: Սակայն համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ անարդար խաղաղությունը չի կարող երկար տեւել»,- ասաց նախագահը:

Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը տեղի ունեցավ Վերսալյան անարդար խաղաղության պատճառով: 

«Եթե ​​կողմերից մեկը չի համաձայնում պատերազմի արդյունքի հետ, ապա սպասիր նոր պատերազմի: Դա տեղի կունենա, երբ դրա համար առավել հարմար աշխարհաքաղաքական պայմաններ եւ այլ խթաններ լինեն:  

Պետք է քաղաքական լուծում գտնել: Եվ եթե Ադրբեջանում կարծում են, թե իրենք լուծել են Ղարաբաղի խնդիրը, ապա դա հակառակն է նշանակում` նույնիսկ չնայած այսօրվա ամենալավ դիրքերին»,-ասաց Քոչարյանը: