Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Գարեգին Բ-ի այցը Վրաստան պատմական իրադարձություն է համարում։

«Կարելի է ասել, որ սա պատմական այց է եւ շարունակությունն այն պատմական հարաբերությունների, որոնք երկու ժողովուրդների միջեւ եղել են դարերով եւ այսօր էլ շարունակվում են»,- Սահակաշվիլիի խոսքերն է փոխանցել նրա մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն, հայտնում է «Գրուզիա online»-ը։

Նշենք, որ Գարեգին Երկրորդը հունիսի 10-ին 6-օրյա այցով ժամանել էր Վրաստան։ Նա հանդիպել է Վրաստանի նախագահի, Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ։ Նա այցելել է նաեւ Ջավախք։

Հայկական եւ վրացական եկեղեցիների ղեկավարները համաձայնության էին եկել խնդրահարույց հարցերի շուրջ աշխատելու ուղղությամբ (Հայաստանում եւ Վրաստանում հայկական եւ վրացական եկեղեցիների կարգավիճակի շուրջ)։ Ինչպես նշել էր Իլյա Երկրորդը, Վրաստանում առկա եկեղեցական վիճելի հարցերի լուծման համար գիտական հանձնաժողով կստեղծվի, նման քայլ պետք է ձեռնարկվի նաեւ հայկական կողմից։