Վերջին շրջանում բավական հաճախ ենք լսում, որ այս կամ այն ավտովթարի դեպքում ապահովագրական ընկերությունների աշխատակիցները զգալի ուշացումով են հասնում դեպքի վայր: Նման մի դեպք էլ տեղի էր ունեցել հունիսի 12-ին` Ապարան-Արագած ճանապարհին, երբ մահվան ելքով ավտոպատահար էր եղել, իսկ 7 անձի տեղափոխել էին հիվանդանոց:

Ինչպես արդեն հայտնել էր NEWS.am-ը, Ապարան-Արագած ճանապարհի 5-րդ կմ-ում ճանապարհի երթեւեկելի մասում ժամը 13:40-ին միմյանց էին բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի 21 ՕՏ 811 համարանիշի եւ Ford մակնիշի 27 ՕՏ 257 համարանիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, ապահովագրական ընկերության աշխատակիցները տեղ էին հասել 2 ժամ 20 րոպե ուշացումով:

«Սիլ» ապահովագրական ընկերության տնօրեն Հայկ Բաղրամյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, թե 2 ժամից ավելի ուշացումը պայմանավորված է նրանով, որ դեպքի վայրից իրենց ահազանգ է ստացվել 15:40, դեպքից շուրջ երկու ժամ հետո: «16:25-ի սահմաններում մեր աշխատակիցները եղել են դեպքի վայրում: Տվյալ ուշացումը կապված է տուժողի կողմից մեզ ուշ հայտնելու հետ: Մեզ հայտնելուց ուղիղ 55 րոպե հետո մեր տղաները կանգնած են եղել վթարի վայրում, եւ կատարել են օրենքով իրենց վերապահված գործառույթները»,- նշեց ընկերության տնօրենը:

Ի դեպ, փաստի առիթով «Սիլ» ընկերության նկատմամբ վարույթ է հարուցվել: Հայկ Բաղրամյանը հաստատեց այդ տեղեկությունը: «Այո, քանի որ մարմնական վնասվածքներ ստացած անձինք կան, մեր աշխատակիցների կողմից այցելվել է բոլոր այդ տուժողներին, ճշգրտումներ է կատարվել, հավաստիացումները տրվել են, որ մեր պատրաստ ենք վճարել կանխավճարները: Կա նաեւ քրեական գործ, որովհետեւ մահացու դեպք կա, եւ վարույթ է հարուցվել»,- նշեց «Սիլ» ընկերության տնօրենը` եւս մեկ անգամ հավաստիացնելով, որ ուշացման մեղավորը իրենց ընկերության աշխատակիցները չեն. «55 րոպե անց եղել են տեղում, այնինչ առկա կարգերով քաղաքից դուրս վթարներին մինչեւ 80 րոպե սահմանված է մոտենալու համար»:

Ինչպես արդեն հայտնել էր NEWS.am-ը, Ապարան-Արագած ճանապարհի 5-րդ կմ-ում ճանապարհի երթեւեկելի մասում միմյանց են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի 21 ՕՏ 811 համարանիշի եւ Ford մակնիշի 27 ՕՏ 257 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի վայրում ականատեսները հայտնել էին, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ»-ի  վարորդը, ով ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի ռազմական ակադեմիայի ուսանող էր, մահացել էր: Բացի այդ, դեպքի վայրից, Ապարանի հիվանդանոց էր տեղափոխվել 7 մարդ: Վթարի պատճառն անբարենպաստ եղանակն է եղել` ուժեղ կարկուտն ու անձրեւը: