ԱՄՆ-ից գիտնականների մշակած տվյալների փոխանցման նոր տեխնոլոգիան ցուցադրում է 10 անգամ ավելի մեծ արագություն, քան սովորական USB ինտերֆեյսը: Մասնագետներին հաջողվել է բարձրհաճախության կրեմնիումային տարրերը միավորել հատուկ պոլիմերային մալուխի միջոցով, որի հաստությունը համեմատելի է մարդու մազի հաստությանը, փոխանցում է Planet- today-ը:
Ենթադրվում է, որ տվյալների փոխանցման նոր համակարգը, որն արդեն նախատիպի փուլում արագությամբ զգալիորեն գերազանցում է USB-ն, թույլ կտա արմատապես մեծացնել տվյալների մշակման կենտրոնների էներգաարդյունավետության ցուցանիշները: Դրանից բացի, տեխնոլոգիան կնվազեցնի արբանյակային հաղորդակցության համակարգերի բեռը:
«Այսօր, ինչպես երբեք, մենք տվյալների փոխանակման նոր արագ տեխնոլոգիաների պահանջ ենք զգում: Փոխանցվող տեղեկատվության ծավալը շարունակ աճում է, եւ մենք արդեն բախվել ենք ավանդական նյութերի ֆիզիկական հատկություններին, որոնք օգտագործվում են տվյալների փոխանակման կազմակերպման համար: Դա գլխավորապես պղինձն է, որն օգտագործվում է թե՛ USB-ում, թե՛ HDMI մալուխներում: Մենք մեր հայացքն ուղղել ենք պոլիմերներին, որոնք կարող են ընդլայնել փոխանցող ինտերֆեյսերի հնարավորությունները»,- ասում են նոր տեխնոլոգիայի հեղինակները:
Նոր մալուխը միավորում է տվյալների փոխանցման ավանդական պղնձե եւ օպտիկամանրաթելային ցանցերի դրական կողմերը: Պոլիմերային մալուխները արտադրելու տեսակետից պարզ են եւ կարող են արագության ցուցանիշներով մրցակցել «օպտիկայի» հետ: Միաժամանակ, նոր մալուխները հոյակապ համատեղվում են կրեմնիումային չիպերի հետ, ինչի շնորհիվ դրանց ներդրումը պետք է տեղի ունենա առանց զգալի տնտեսական ծախսերի:





























