Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է 2021 թվականի առաջին կեսին մոտ 20 տոկոսով կրճատել iPhone նոր սմարթֆոնների արտադրությունը: Ինչպես չորեքշաբթի հայտնել է Nikkei ճապոնական ամսագիրը` վկայակոչելով աղբյուրները, կրճատումների մեծ մասը բաժին կընկնի iPhone 12 mini-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Nikkei-ի տվյալներով` անցյալ տարվա վերջին Apple-ը կապալառուներից մասեր էր պատվիրել 2021 թվականի առաջին կեսին մոտ 96 միլիոն iPhone 12, iPhone 11 եւ iPhone SE սմարթֆոնների արտադրության համար, սակայն այժմ ընկերությունը նախատեսում է ընդամենը 75 միլիոն հեռախոս արտադրել: Ընդ որում, որոշ կապալառուների խնդրել են ժամանակավորապես դադարեցնել iPhone 12 mini մոդելի մասերի արտադրությունը կամ արտադրությունը վերաուղղել iPhone 12 Pro եւ iPhone 12 Pro Max-ի համար բաղադրիչներին:

Nikkei-ի կողմից հարցված մասնագետների կարծիքով` iPhone 12 mini-ի պահանջարկն ավելի քիչ էր, քան ակնկալում էին Apple-ում, մարտկոցների խնդիրների եւ փոքր էկրանի պատճառով:

Ամսագրի աղբյուրները նշել են նաեւ, որ Apple-ը MacBook նոթբուքերի երկու նոր մոդելների մասսայական արտադրության մեկնարկը մայիսից 2021-ի երկրորդ կես է հետաձգել:

1976 թվականին հիմնադրված Apple ընկերությունն iPhone-ներ, iPad-ներ, iMac-եր, MacBook-եր, iPod-ներ եւ այլ բարձր տեխնոլոգիական սարքեր է արտադրում: Կորպորացիան, որի գլխամասային գրասենյակը գտնվում է ամերիկյան Կուպերտինոյում (Կալիֆորնիա), ամենամեծերից մեկն է աշխարհում: