«Լուսավոր Հայաստանը» ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանի ազատումից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արված առաջարկը համարում է ժամանակավրեպ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ իրենք բարի կամք են դրսեւորել, առաջարկել ճգնաժամի լուծում, սակայն այն մերժվել է:

«Տվյալ պահին մեր առաջարկը ժամանակավրեպ է դարձել»,-ասաց Մարուքյանը:

Նա նաեւ նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը, այնուամենայնիվ, մնում է իրենց օրակարգում:

Մարուքյանը ՀՀ վարչապետին առաջարկել էր հուշագիր ստորագրել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, սակայն այն դեպքում, եթե Օնիկ Գասպարյանը շարունակի զբաղեցնել ԳՇ պետի պաշտոնը: