Եթե մենք պետության ղեկին հետագայում եւս հանդուրժենք Նիկոլ Փաշինյանին, ապա պատերազմը սարերի հետեւում չէ, ըստ որում՝ Հայաստանի տարածքում, ինչի հետեւանքով կարող ենք կորցնել Սյունիքի մարզը: Այս մասին մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով՝ բանակն անչափ զգայուն է, հենց այս վտանգների հետ է կապված Կառավարության հրաժարականի անհրաժեշտության մասին Գլխավոր շտաբի հայտարարությունը:
Զաքարյանի գնահատմամբ՝ ԶՈՒ-ում տեսնում են, որ եթե այսպես շարունակվի նաեւ հետագայում, ապա հաջորդ պատերազմն անխուսափելի է: «Ես գրեթե համոզված եմ, որ պատերազմ կլինի: Հայաստանի նկատմամբ Բաքվի եւ Անկարայի ախորժակը չի թուլանում: Տեսեք, թե ինչ սպառնալիքներ են հնչում Ալիեւի շուրթերով՝ իբր թող փորձեն չտալ «Զանգեզուրի միջանցքը»: Իսկ Թուրքիայի ղեկավարության հայտարարություններն ի պաշտպանություն Փաշինյանի վկայում են այն մասին, որ նրա գործունեությունը կապ չունի Հայաստանի շահերի հետ»,- նկատեց նախկին փոխնախարարը:
Արտակ Զաքարյանի կարծիքով՝ անհնար էր Շուշի ադրբեջանցիների մտնելը, «եթե չունենայինք տրոյական ձի»: «Եթե ցանկանում ենք պատերազմից խուսափել, ապա պետք է հասնենք Փաշինյանի հրաժարականին»,- ամփոփեց նա:











