Կիբեռանվտանգության փորձագետները նշել են այն վտանգը, որը կարող են իրենց մեջ թաքցնել անվճար VPN ծառայությունները, հաղորդում է «Իզվեստիան»:

InfoWatch ընկերությունների խմբի տեխնիկական տնօրեն Անդրեյ Բիրյուկովի խոսքով՝ այն բանից հետո, երբ «Ռոսկոմնադզորը» դանդաղեցրեց Twitter սոցիալական ցանցը, անվճար VPN ծառայությունների տարածումը կարող է աճել դրա օգտագործողների շրջանում: Նրանք սոցիալական ցանցն առանց սահմանափակումների օգտագործելու հնարավորություն կփնտրեն, նշել է Բիրյուկովը:

Միեւնույն ժամանակ այդպիսի ծառայությունները գաղտնի տեղեկություններ են հավաքում օգտվողների մասին՝ որոնման պատմություն, լոգիններ եւ գաղտնաբառեր, կատարված վճարումների վերաբերյալ տեղեկություններ, ընդգծել է Positive Technologies-ի տեղեկատվական անվտանգության վերլուծության բաժնի ղեկավար Եկատերինա Կիլյուշեւան:

Փորձագետը բացատրել է, որ VPN ծառայությունների պահպանումը բավականին ծախսատար է, ուստի այն ընկերությունները, որոնք օգտվողներին առաջարկում են անվճար ծրագրեր, կարող են փորձել գումար աշխատել՝ վաճառելով նրանց տվյալները:

Բացի այդ, անվճար VPN ծառայությունները միշտ չէ, որ կարողանում են պահել օգտագործողի տեղեկատվությունը: Տվյալների արտահոսքի հետախուզման DLBI ծառայության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանը նշել է, որ դրանք, որպես կանոն, թողարկում են աղքատ ընկերությունները, որոնք տեղեկատվական անվտանգությունը բարելավելու հնարավորություն չունեն: Ուստի, ըստ Հովհաննիսյանի, անվճար VPN ծառայություններից օգտվողների տվյալների արտահոսքը տեղի է ունենում «առնվազն եռամսյակը մեկ»: