Չինաստանը հերքել է Alibaba-ին գրեթե 1 միլիարդ դոլարի տուգանելու պլանները մենաշնորհային կանոնների խախտման համար:

Ավելի վաղ Wall Street Journal-ը, վկայակոչելով աղբյուրները, հաղորդել էր, որ պաշտոնյաները քննարկում են հսկայական տուգանք նշանակելու հնարավորությունը, որը կարող է գերազանցել 975 միլիոն դոլարը:

Սակայն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության շուկայի կարգավորման պետական ​​վարչության մամուլի խոսնակը AFP-ին հայտարարել էր, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Վերջին ամիսներին Alibaba-ն, որը Չինաստանի ամենամեծ առցանց գնումների պորտալն է, ուշադրության կենտրոնում է հայտնվել սովորական չինացիների ամենօրյա ֆինանսների վրա դրա ազդեցության հետ կապված մտավախությունների պատճառով: Օրենքի հետ կապված խնդիրները սկսվել էին միլիարդատեր հիմնադիր Ջեք Մայի՝ հեկտեմբեր ամսին արված գրառումներից հետո, որոնցում նա անդրադարձել էր Չինաստանի կարգավորման խճճված համակարգին:

Նոյեմբերին ֆինանսական կարգավորիչներն արգելափակել էին Ant Group-ի ռեկորդային 35 միլիարդ դոլարի բաժնետոմսերի տեղակայումը Հոնկոնգում եւ Շանհայում:

Մեկ ամիս անց պաշտոնյաները հետաքննություն էին սկսել Alibaba-ի բիզնես պրակտիկայի վերաբերյալ, որը հակամրցակցային էր համարվել:

Նախկինում ընկերությունը քննադատության էր ենթարկվել այն բանի համար, որ իր վաճառողներին արգելում է ցուցակագրվել էլեկտրոնային առեւտրի մրցակցային հարթակներում:

Ավարտից հետո Alibaba-ի դեմ միջոցառումները պետք է հաստատվեն Չինաստանի բարձրագույն ղեկավարության կողմից: