Իսրայելական պետական աերոտիեզերական ընկերությունը հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների զենք արտադրողի հետ համագործակցելու ծրագրերի մասին՝ անօդաչուներից պաշտպանության համակարգեր մշակելու նպատակով, հարմարեցված Աբու Դաբիի կարիքներին, հայտնում է MEE-ն:
Israel Aerospace Industries-ը (IAI) հայտարարել է անօդաչու թռչող սարքերից պաշտպանության կատարելագործված համակարգերի համատեղ մշակման ծրագրերի մասին «սպառնալիքների լայն սպեկտրի հայտնաբերման, նույնականացման, դասակարգման եւ որսման համար»: Ընկերության հայտարարության համաձայն՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգը (C-UAS) ներառելու է փափուկ ոչնչացման միջոցներ, ինչպես՝ էլեկտրոնային խափանումներ եւ կիբեռգրավում, եւ կոշտ ոչնչացման հնարավորություն, ինչպես՝ թնդանոթներ, հրթիռներ, էլեկտրամագնիսներ եւ լազերներ, ինչպես նաեւ ընդլայնված կառավարում եւ վերահսկում: «C-UAS-ն ամբողջությամբ ինքնավար է եւ պահանջում է մարդու կողմից միայն սահմանափակ վերահսկում: Սպառնալիքի մակարդակից եւ թիրախային գործառնական միջավայրից կախված պատվիրատուին կառաջարկվեն մի շարք հակամիջոցներ՝ խափանումներից մինչեւ դրոնների ոչնչացում»,- նշված է հայտարարության մեջ:
ԱՄԷ-ից գործընկեր ընկերություն EDGE-ի գլխավոր տնօրեն եւ կառավարիչ-տնօրեն Ֆեյսալ ալ Բանաին ասել է, որ նախագիծը կոչված է ամրապնդելու Աբու Դաբիի առաջավոր տեխնոլոգիաների պորտֆելը եւ տարածաշրջանում գործընկերային հարաբերությունները՝ հավելելով, որ գործարքը «համապատասխանում» է երկրների հարաբերությունների կարգավորման վերջերս կնքված համաձայնագրերին:





























