Facebook-ը մտադիր է նշել պատվաստանյութերի մասին գրառումները ապատեղեկատվության դեմ պայքարի համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք շարունակում ենք ակտիվացնել մեր ջանքերը COVID-19-ի պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվության դեմ պայքարի համար՝ պատվաստանյութերի մասին քննարկումներ պարունակող ֆեյսբուքյան եւ ինստագրամյան գրառումների վրա նշում ավելացնելով»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում է ընկերությունը, նշումները պարունակում են «Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից COVID-19 պատվաստանյութերի անվտանգության մասին հավաստի տեղեկություններ»: Նշումները կօգտագործվեն բոլոր երկրներում, դրանք պարունակում են տեղեկություններ անգլերեն, իսպաներեն, ինդոնեզերեն, պորտուգալերեն, արաբերեն եւ ֆրանսերեն լեզուներով, շուտով ավելի շատ լեզուներ կավելացվեն:
Ընկերությունը տեղեկացրել է նաեւ, որ բոլոր երկրներում Instagram-ում կորոնավիրուսի հարցերով տեղեկատվական կենտրոն է թողարկում: Ինչպես նաեւ, ընկերությունը հարթակում նոր սթիքերներ կավելացնի, որոնք կոչված են խրախուսելու պատվաստումը:




























