Օմանը արգելափակել է նոր Clubhouse հավելվածի հասանելիությունը: Օմանի կառավարությունը «արգելել է հավելվածը, քանի որ այն աշխատում էր առանց համապատասխան լիցենզիայի»,- Associated Press-ին հայտնել է հեռահաղորդակցությունների կարգավորչի պաշտոնական ներկայացուցիչ Օմար ալ-Աբրին:
Նա չի մանրամասնել լիցենզավորման խնդրի մանրամասները, եւ մնում է անհասկանալի՝ արդյոք արգելքը ժամանակավո՞ր կասեցում է, թե՞ սուլթանությունում այլախոհությունը ճնշելու կառավարության փորձ:
Վերջին մի քանի օրվա ընթացքում Օմանում բազմաթիվ օգտվողներ հաղորդել են հարթակը օգտագործելու փորձի ժամանակ սխալների մասին։ Շատերը հայտարարել են, որ կարող են միայն VPN-ով շրջանցել սահմանափակումները:
Clubhouse-ը չի պատասխանել Օմանում կամ Պարսից ծոցի այլ երկրներում սահմանափակումների վերաբերյալ մեկնաբանությունների բազմաթիվ խնդրանքներին:
Clubhouse-ը միայն հրավերներով հասանելի սոցիալական ցանցերի հավելված է, իսկ վերջին ամիսներին հսկայական ժողովրդականություն է ձեռք բերել, հատկապես Մերձավոր Արեւելքում:





























