Գերմանիան, Իռլանդիան եւ Նիդեռլանդները միացել են այն երկրների աճող ցուցակին, որոնք դադարեցրել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի եւ Օքսֆորդի համալսարանի մշակած պատվաստանյութի օգտագործումը:
Կիրակի օրը Նիդեռլանդների կառավարությունը հայտարարել էր, որ Oxford-AstraZeneca պատվաստանյութը չի օգտագործվի առնվազն մինչ մարտի 29-ը, իսկ Իռլանդիան նույն օրը ավելի վաղ հայտնել էր, որ ժամանակավորապես դադարեցրել է պատվաստումները՝ որպես նախազգուշական միջոց: Երկուշաբթի օրը Գերմանիայի կառավարությունը նույնպես հայտարարել է, որ դադարեցնում է դրա օգտագործումը՝ կոչ անելով հետագա հետաքննություններ անցկացնել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փորձել է մեղմացնել պատվաստանյութի անվտանգության վերաբերյալ առկա մտահոգությունները՝ նախորդ շաբաթ ասելով, որ պատվաստումների եւ թրոմբի առաջացման ռիսկի միջեւ որեւէ կապ չկա: ԱՀԿ-ն խրախուսել է երկրներին շարունակել օգտագործել Oxford-AstraZeneca պատվաստանյութը:
Չնայած դրան, եվրոպական մի շարք երկրներ արդեն դադարեցրել են Oxford-AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը:
Թաիլանդը նույնպես դադարեցրել է պատվաստանյութի պլանային կիրառումը:




























