Մենք որեւէ անձից ձերբազատվելու խնդիր չենք հետապնդում, իսկ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նոյեմբերի 15-ի հայտարարությունն իսկապես, մեր գնահատմամբ եղել է քաղաքական: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով NEWS.am-ի հարցին, թե արդյոք Ռուբեն Վարդազարյանից ազատվելու խնդիր ունի իշխանությունը, երբ ԱԺ-ում իշխող ուժի պատգամավորները Վճռաբեկ դատարանի երեք դատավորների ընտրությունը տապալեց եւ հարցերը վերաբերում էին բացառապես Վարդազարյանի անձին:

«Չի տապալել, այդ թեկնածությունները դեռ կքննարկվեն: Այո, չընտրեցին եւ մեկնաբանեցին չընտրելու պատճառները, որ թեկնածուների հետ կապված իրենք որեւէ հարց չեն ունեցել»,-ասաց նախարարը:

Հարցին, թե նորմա՞լ է, որ պատգամավորները թեկնածուների վերաբերյալ հարցեր չէին տալիս, այլ գրոհում էին Վարդազարյանին, Բադասյանն արձագանքեց. «Պատգամավորը իր կամքով իր հարցերը տվել է հասարակությանը հուզող պատասխանները ստանալու ակնկալիքով»: