Հեռու եմ այն մտքից, որ բացարձակ սխալ ուղղությամբ ենք գնացել։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Տիգրան Հարությունյանը՝ անդրադառնալով «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի վերաբերյալ քրեական գործին։
«Էջը մուտք գործելու թույլտվություն ունեն մի քանի անձինք եւ տպավորություն է ստեղծվում, որ էջը շարունակում է գործել որպես «Գագիկ Սողոմոնյան» առանձին անհատ»,- նշեց Հարությունյանը։
Նա նշեց, որ այդ գործով նախաքննություն է ընթանում եւ ամբողջ շրջանակը պարզ կլինի նախաքննության ընթացքում։
Լրագրողի այն դիտարկմանը, որ նախկինում ԱԱԾ մեկուսարանում եղել են այնպիսի հանցագործներ, որոնք լուրջ վտանգներ են ներկայացրել պետության համար, իսկ այժմ ԱԱԾ-ն ֆեյքերով է զբաղվում, սատանաներ է բռնում, Հարությունյանը նշեց. «Սատանա չենք փնտրել երբեք, պետք չէ չափազանցնել։ Խնդիրը մեկ ֆեյքով չի սահմանափակվում, խնդիրը նրանում է, որ մեդիադաշտում ունենք բավականին ագրեսիվ ստի տարածման փորձեր»։
Հարցին՝ արդյոք հե՞շտ է աշխատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Հարությունյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞վ է դժվար։ Չեմ կարծում, թե պրոբլեմներ կան»։
Անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին՝ Տիգրան Հարությունյանն ասաց, որ սահմանապահ զորքերն Սյունիքում իրենց խնդիրները լուծում են առկա եւ՛ մարդկային, եւ՛ նյութական ռեսուրսների սահմաններում. «Չեմ կարծում, որ այս պահի դրությամբ մենք ունենք չլուծվող խնդիրներ»։











