Նախագիծը սկանդալային չի, որովհետեւ դատական իշխանության կողմից եւս կար որոշակի աջակցություն եւ ցանկություն, որ այդ նախագիծն ընդունվի, որովհետեւ դրանով տարիներով կուտակված հարցեր էին լուծելու թե գործերի ավելի արդյունավետ քննության, թե ծանրաբեռնվածության բեռնաթափման առումով: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքներին, որոնք ՀՀ նախագահը չէր ստորագրել եւ ուղարկել էր ՍԴ՝ սահմանադրականության հրցը որոշելու համար:
Նախագահը նշել էր, որ Օրենքների կիրառումը չպետք է խնդրահարույց լինի Սահմանադրությամբ ամրագրված՝ դատավորների անկախության ու անաչառության սկզբունքների պահպանման, արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն բացառելու տեսանկյունից:
«Ինչ վերաբերում է ՍԴ դիմելուն, ապա Ազգային ժողովը ՍԴ կներկայացնի իր դիտարկումները, կառավարությունը եւս եթե հնարավորություն ունենա, ինքն էլ կներկայացնի իր դիտարկումները եւ կսպասենք ՍԴ-ի որոշմանը»,-ասաց նախարարը:
Դիտարկմանը, որ ՀՀ նախագահն արդեն դիրքորոշում է արտահայտել, խնդիրներ է մատնանշել, Բադասյանն արձագանքեց. «Եթե մենք նույն խնդիրները տեսնեինք, այդ նախագիծը չէիք բերի: Հիմա ՍԴ-ում մենք այդ պրոցեսին կմասնակցենք»:











