Ի դեմս Ռուսաստանի Դաշնության՝ մեր թիվ մեկ ռազմավարական գործընկերոջ հետ ինտենսիվ եւ ակտիվ աշխատանք է տարվում կորցրած ռազմական գույքը վերականգնելու, նախկին բացթողումները վերացնելու, առկա խնդիրները հնարավորինս շուտ լուծելու եւ մեր մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ: Այս մասին Ազգային ժողովում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության 2020 թվականի ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
Ընդ որում՝ նա խուսափեց տվյալներ հրապարակել ձեռք բերված տեխնիկայի եւ սպառազինության վերաբերյալ: «Հայաստանի պաշտպանության նախարարությունն անում է եւ անելու է հնարավոր ամեն ինչ, որ ունենա ավելի մարտունակ բանակ, որը կդառնա մեր անվտանգության երաշխավորը, զսպող գործոն կլինի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքի առաջացման դեպքում»,- հավաստիացրեց փոխնախարարը:





























