Մի խում աղջիկներ ու կանայք ձեռնաշղթաներով ակցիա են կազմակերպել ՀՀ Ազգային ժողովի մոտ։ Ակցիայի մասնակիցների ձեռքերին ձեռնաշղթաներ էին, ընդ որում ձեռնաշղթաներով միացված էին մեկը մյուսին: Նաեւ պաստառներ էին պարզել, որոնց վրա գրված էր. «Վերադարձրեք գերիներին կամ դադարեցրեք բանակցությունները», «Բոլորս Գերի ենք»:

Նրանք պահանջում են ՀՀ բոլոր պատկան մարմիններից անհապաղ լուծել ռազմագերիների վերադարձի հարցը։

ՀՅԴ ՀԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանը նշեց, որ ՀՀ քաղաքացիներն այս իշխանության օրոք իրենց զգում են գերու կարգավիճակով, որովհետև պատկան մարմինների ներկայացուցիչներն անընդունակ են որևէ բան լուծել, բայց հրաժարվում են հեռանալ. «Իրենք գերի են վերցրել հայ ժողովրդին, ՀՀ քաղաքացիներին։ Այսօր ՀՀ է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահը, որը հանդիպումներ է ունենում ՀՀ-ն ներկայացնողների հետ։ Նա ՀՀ է ժամանել Ադրբեջանից, որտեղ երեկ թշնամի պետության ղեկավարը հայտարարել է, որ հայ ռազմագերիներ չկան, մինչդեռ մենք գիտենք, որ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ռազմագերիներ կան, որոնց ճակատագրի հարցը դեռևս որոշված չէ, թիվն անգամ չգիտենք»,- ասաց Վարդանյանը՝ ընդգծելով, որ ՀՀ-ից այդ հայտարարությանը որևէ հրապարակային արձագանք չի եղել։

«Ստիպված ՀՀ քաղաքացիները՝ կանայք, աղջիկները, այսօր այստեղ են՝ միջազգային հանրությունից, ՀՀ բոլոր պատկան մարմիններից ևս մեկ անգամ պահանջելու հայ ռազմագերիների հարցի լուծում։ Իրենք ստորագրել են խայտառակ պայմանագիր, որն առանձին կետ ուներ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ, բայց 4 ամիս անց այդ հարցը ոչ միայն լուծված չէ, այլև ավելի է բարդացել։ Մենք այստեղ ենք՝ ուշադրությունն այս հարցի վրա գրավելու համար, և պահանջելու, որ հայ ռազմագերիներն անհապաղ վերադառնան»,-ասաց նա։