Այս պահի դրությամբ, բացի Թուրքիայից, չկա եվրոպական կամ աշխարհի մեկ այլ երկիր, որտեղից Հայաստան մուտք գործող սննդամթերքի այս կամ այն տեսակի վրա արգելք դրված լինի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Բաբկեն Պիպոյանը։

Նրա խոսքով, Թուրքիայից Հայաստան ներկրվում է բացառապես մի սննդատեսակ, այն է՝ մեկ օրական հավի ճուտ։ «Մնացած թուրքական ապրանքների վրա արգելք է դրված։ Ինչ վերաբերում է Եվրամիության երկրներին՝ Գերմանիային, Իսպանիային, Ֆրանսիային, ապա այդ պետություններից ներկրվող որեւէ մթերքի՝ ոչ բուսական, ոչ կենդանական ծագման, հանդեպ արգելքներ չեն կիրառվում»,- ընդգծեց Պիպոյանը։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նմանօրինակ հանգստությունը, երբ Ռուսաստանն  ու աշխարհի մի շարք երկրներ աղիքային ինֆեկցիաների ֆոնին արգելել են Եվրոպայից ներկրվող բոլոր տեսակի ուտելիքների մուտքն իրենց տարածք, ծառայության աշխատակիցը այդպես էլ կոնկրետ պատասխան չտվեց, միայն  ասաց, որ եվրոպական երկրներից ներկրված բոլոր սննդատեսակները հայկական շուկա մուտք են գործում լաբորատոր հետազոտություններից հետո եւ մարդկանց առողջության համար վտանգ չեն կարող ներկայացնել։

Նշենք, որ վերջին շաբաթներին  Եվրոպայում իսկական խուճապ է սկսվել։ Հազաավոր մարդիկ աղիքային ինֆեկցիայով տեղափոխվել են հիվանդանոցներ, տասնյակները մահացել են։ Սկզբում ինֆեկցիա աղբյուր էին համարվում իսպանական վարունգները, սակայն  լաբորատոր փորձաքննությունները պարզել էին, որ աղիքային ինֆեկցիայի պատճառը լոբազգիներ են։