PicsArt, ServiceTitan եւ SoloLearn ընկերությունները, որոնք հայ հիմնադիրներ ունեն, մտել են Forbes-ի նոր վարկանիշի մեջ, որում ներկայացված են համավարակի եւ առցանց աշխատանքի տեսանկյունից աշխատակիցներին լավագույն պայմաններ առաջարկող ամերիկյան ընկերությունները:
«ԱՄՆ լավագույն սթարթափ-գործատուներ» վարկանիշը կազմվել է Statista հետազոտական ընկերության հետ համագործակցությամբ:
Ներկայացված ընկերություններն ընտրվել են ոչ պակաս 50 աշխատակից ունեցող 2500 ընկերությունների թվից: PicsArt-ը 93-րդ տեղում է, ServiceTitan-ը՝ 116-րդ, իսկ SoloLearn-ը՝ 400-րդ:
PicsArt-ը համացանցում ստեծագործական խմբագրման աշխարհում ամենախոշոր պլատֆորմն է: PicsArt հավելվածի ակտիվ օգտատերերի թիվը ամսական անցնում է 150 միլիոնից: Աշխարհում յուրաքանչյուր վայրկյան խմբագրվում է ավելի քան 800 նկար: Հավելվածն անվճար է եւ հասանելի 185 լեզուներով, 30 լեզուներով iOS, Android եւ Windows սարքերի համար:
Ընկերության կենտրոնակայանը Սան Ֆրանցիսկոյում է: Հայաստանից բացի, գրասենյակներ կան Լոս Անջելեսում, Պեկինում, Տոկիոյում եւ Մոսկվայում:
ServiceTitan-ը, որը հիմնադրվել է 2012 թվականին Արա Մահտեսյանի եւ Վահե Կուզոյանի կողմից, ձեռնարկություններին հարթակ է առաջարկում իրենց գործարքների կառավարման եւ օպտիմալացման, հաճախորդների սպասարկման բարելավման եւ առանց հատուկ ջանքերի բիզնեսի զարգացման համար: Ընկերությունը գրասենյակներ ունի Գլենդելում եւ Երեւանում:
2014 թվականին հիմնադրված SoloLearn հավելվածը հիմա 17 մլն օգտատեր ունի, որոնց մեծամասնությունը ԱՄՆ-ից է, Հնդկաստանից, Արեւմտյան Եվրոպայից եւ Ռուսաստանից:
Հավելվածը սովորեցնում է JavaScript, Swift, Python, C ++, HTML / CSS եւ ծրագրավորման այլ լեզուներ: Ի հավելում վեբ տարբերակի՝ SoloLearn-ը հասանելի է Google Play-ում եւ App Store-ում: Ընկերությունը գրասենյակներ ունի Երեւանում եւ Սան Ֆրանցիսկոյում:





























