Երեկ մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է ԿԳՄՍ նխարարություն եւ մի հայտարարություն տարածեցինք, որ մենք առավոտյան լինելու ենք այստեղ: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԿԳՄՍՆ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ՀԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանը:
«Մենք երեք ընկերներով ենք այստեղ: Ակցիայի ամբողջ իմաստը հենց դա էր, մենք պարզապես ուզում էինք ցույց տալ մեր բոլոր քաղաքացիներին այն ոստիկանապետության պատկերը, որ կա Հայաստանում: Նիկոլ Փաշինյանն իր աշխատասենյակից 500 մետր ներքեւ գտնվող ԿԳՄՍՆ շենք կարող է այցելել միայն հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ: Այսօր դիպուկահարներ ես չտեսա, ես չգիտեմ՝ կան, թե չկան: Հազարավոր ոստիկաններ այստեղ են կանգնած, նստած են ավտոբուսների մեջ: Մենք ուզում ենք ցույց տալ, որ հետպատերազմյան Հայաստանում ուր են գնում մարդկանց հարկերը: Այդ գումարները գնում են ոստիկանների հմար այս ավտոբուսները վարձակալելու, 24 ժամ հրապարակում պահելու, Նիկոլ Փաշինյանի 500 մետր քայլելը հսկելու համար: Այդ գումարները գնում են ոստիկաններին հավելավճարներ տալու համար: Մեր ակցիան ակցիայի բացակայությունն էր, ցույց տալու իշխանության վախի աստիճանը»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքը չորս կողմից շրջապատված է ոստիկանների կողմից. Երկու կողմից փակ է Վազգեն Սարգսյանի փողոցը:
Բանն այն է, որ այսօր առավոտյան ԿԳՄՍՆ պետք է այցելի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ դաշնակցական երիտասարդները հյտարարել էին, որ մտադիր են փակել նրա ճանապարհը:
Նշենք, որ նմանատիպ ակցիա քաղաքացիները փորձել էին իրականացնել նաեւ վարչապետի՝ ԱԳՆ այցի ժամանակ, սակայն դա չէր հաջողվել:











