Եթե հարցումներով իշխող ուժն ունի 30 տոկոս ձայն, հունիսին ունենալու է 20 տոկոս. հետևաբար այդ մարդիկ, որոնք ապրում են կառավարական դաչաներում, վայելում են իշխանության բարիքները, դա չեն ունենալու: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրգրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամվոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իշխանությունն իրապես ուզում է գնալ արտահերթ ընտրությունների հունիսին:
«Ավելին ասեմ, այնտեղ պառակտում կա, մարդիկ կան, որոնք որոշակի շրջապատ ունեն, ուզում են ռեյտինգայինը մնա, մարդիկ կան, որ խնդիր ունեն այդ ձեւով քարոզարշավ անելու, ուզում են համամասնական լինի: «Լուսավոր Հայաստանը» պատրաստ է մինչեւ հունիսի 1-ը մասնակցել ցանկացած օրենսգրքով ընտրությունների: Մինչեւ հունիսի 1-ը չենք խոչընդոտելու խորհրդարանի ցրմանը:
Կա աքսիոմատիկ պնդում, որ ամենալավ օրենսգրքով կարելի է կազմակերպել ամենավատ ընտրությունները, եւ ամենավատ օրենսգրքով՝ ամենալավ ընտրությունները: Այդ ո՞նց եղավ, որ այս տականք օրենսգրքով 2018-ին լավ ընտրություններ են եղել»,-ասաց նա:











