Հովհաննես Այվազովսկիի նկարը, որը գտնվել է հին իրերի արկղում, Շվեդիայի  Ուպսալա քաղաքում աճուրդում վաճառվել է 7,6 մլն շվեդական կրոնով (շուրջ 1,2 մլն դոլար): Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով «Ուպսալա նյուա տիգնինգ»-ը:

Կտավը ստեղծվել է 1858 թվականին եւ կոչվում է «Ճակատամարտ Բոմարսունդի համար»: Այն գտել են արկղի մեջ, այլ իրերի հետ միասին, որոնք Ստոկհոլմի «Մետրոպոլ» ընկերության աուկցիոնի աշխատակիցներին է բերել Շվեդիայի մի բնակիչ:

Նրա մտքով անգամ չի անցել, որ այդ նկարը կարող է իրենից լուրջ արժեք ներկայացնել: Շվեդ քաղաքացին ուղղակի հույս է ունեցել գոնե 10 հազար շվեդական կրոն (շուրջ 1,5 հազար դոլար) ստանալ:

Սակայն մասնագիտական փորձաքննությունից հետո ի հայտ է եկել սենսացիան: «Սա իմ կյանքում ամենաանհավանական դեպքն է»,- ասել է Ոպսուլայի աճուրդի տան հայտնի փորձագետ Կնուտ Կնուտսոնը: