Ադրբեջանում «հանկարծ» հիշել են միջազգային հումանիտար սկզբունքների մասին:
Այսպես, այս երկրի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը Սլովակիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում դառնությամբ բողոքել է Հայաստանից, որը «հրաժարվում է Ադրբեջանին տրամադրել օկուպացիայից ազատագրված տարածքներում ականապատ դաշտերի քարտեզները»: Նախարարն ասել է, որ դա հակասում է միջազգային հումանիտար սկզբունքներին եւ մարդասիրությանը: Բայրամովի խոսքով՝ «համաշխարհային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա, որպեսզի նա տրամադրի ականապատ դաշտերի քարտեզները»:
Ընդհանուր առմամբ Ադրբեջանը եւ մասնավորապես Բայրամովը շատ են հիշեցնում մի կինոհերոսի՝ նրա հայտնի խոսքերով․ «Սա քեզ, սա դարձյալ քեզ, սա ընդմիշտ քեզ»: Այսինքն, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի շահերին, Բաքվում հիշում են հումանիտար սկզբունքների ու մարդասիրության մասին: Եւ իսպառ մոռանում են, երբ խոսքը ամիսներով պահվող գերիների, քաղաքացիական անձանց, կանանց մասին է:





























