Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է երկու նոր սմարթֆոն՝ Galaxy A52 եւ Galaxy A72, շնորհանդեսը կայացել է Galaxy Awesome Unpacked առցանց համաժողովի շրջանակներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Samsung Galaxy A նոր շարքն ունի բարձր լուծման տեսախցիկ, սահուն շարժվող էկրան, ջրից պաշտպանություն եւ երկարատեւ մարտկոց, ինչպես նաեւ ընդլայնում է օգտվողների բջջային հնարավորությունը՝ Galaxy միացված սարքերի, օրինակ, Galaxy Buds Pro-ի, Galaxy SmartTag-ի եւ Galaxy Tab-ի էկոհամակարգին հասանելիության շնորհիվ:
Galaxy A52 սմարթֆոնն ունի 6,5 դյույմանոց FHD + Super AMOLED Infinity-O 90 Հց էկրան, հիմնական տեսախցիկ՝ չորս մոդուլով (երկու 5 MP, մեկ 12 MP եւ մեկ 64 MP) եւ մեկ առջեւի 32 MP տեսախցիկ: Galaxy A72-ն ունի նույն էկրանը, բայց 6,7 դյույմանոց, ինչպես նաեւ ունի չորս մոդուլներով (8 MP, 5 MP, 12 MP եւ 64 MP) տեսախցիկ: Նոր սարքերի տեսախցիկներն օգտագործում են արհեստական բանականություն՝ ավտոմատ կերպով օպտիմալացնելով 30 տեսակի պատկերների եւ ֆոների կարգավորումները:
Նոր սարքերը հագեցած են տարողունակ մարտկոցով, որի լիցքավորումը բավարարում է երկու օր` 4500 մԱ/ժամ՝ Galaxy A52-ի եւ 5000 մԱ/ժամ՝ Galaxy A72-ի համար:
Երկու սարքերն էլ ունեն Snapdragon 720G պրոցեսոր, ինչպես նաեւ 4/8 գիգաբայթ օպերացիոն հիշողություն՝ Galaxy A52-ի եւ 6/8 գիգաբայթ՝ Galaxy A72-ի համար, եւ 128/256 գիգաբայթ ներդրված հիշողություն: Բացի այդ, նոր սարքերը կարող են ապահովել մինչեւ երեք սերունդ ծրագրային ապահովման թարմացում եւ անվտանգության կանոնավոր թարմացումներ առնվազն չորս տարվա ընթացքում:
Ինչպես Samsung-ի բոլոր բջջային սարքերը, նոր Galaxy A52 եւ A72 սմարթֆոններն ապահովում են հավելվածների եւ Google-ի ծառայությունների աշխատանքը, ներառյալ «ամպային» սինխրոնիզացիան եւ տվյալների պահուստային պատճենումը։





























