Աշխարհում ամենաշատ այցելվող կայքերից տասներեքերորդը՝ «Վիքիպեդիան», գումար կպահանջի Google, Amazon եւ Apple տեխնոլոգիական հսկաներից՝ իր բովանդակության օգտագործման համար: Ազատ հանրագիտարանը վճարովի կդառնա ՏՏ հսկաների համար, հաղորդում է Planet-Today-ը:
«Վիքիպեդիա»-ի եւ Google-ի միջեւ պատմականորեն փոխշահավետ համագործակցություն է զարգացել՝ որոնման հսկան «Վիքի»-ից վերցնում է տեղեկատվությունը, որը տրամադրում է իր օգտվողներին, իսկ փոխարենը հանրագիտարանը ստանում է հավաստի տեղեկատվության աղբյուրի համբավ: Մինչ այժմ Google-ը եւ այլ խոշոր ընկերություններ անվճար օգտագործել են «Վիքիպեդիան», բայց այժմ, Wikimedia Enterprise հարթակի հայտնվելով փոփոխություններ կլինեն:
Վերջին երկու տասնամյակների ընթացքում Google-ը դարձել է տրիլիոն դոլար շրջանառությամբ ընկերություն, իսկ «Վիքիպեդիան» մնացել է շահույթ չհետապնդող կառույց, որն ամբողջովին կախված է նվիրատվություններից: Հաշվեկշիռը որոշակիորեն շտկելու համար Wikimedia Foundation հիմնադրամը ստեղծել է Wikimedia Enterprise առեւտրային հարթակը: Նոր հարթակը կվաճառի եւ «Վիքիպեդիա»-ի բովանդակությունն արդյունավետորեն կառաքի ՏՏ ընկերություններին:
Այժմ խոշոր տեխնոլոգիական հսկաների հետ բանակցություններ են ընթանում: Ենթադրվում է, որ մոտակա ամիսներին նախագիծը կգնահատեն «Վիքիպեդիա»-ի բովանդակությունը լրացնող կամավորները, այնուհետեւ Wikimedia Foundation-ը պայմանագրեր կկնքի տեխնոլոգիական հսկաների հետ: Դա կարող է տեղի ունենալ արդեն 2021 թվականի հունիսին:





























