Ամերիկյան Apple կորպորացիան մտադիր է ապրիլին iPad-ի նոր մոդելներ ներկայացնել: Հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրները:

Գործակալության զրուցակիցները պատմել են, որ ընկերությունը նախատեսում է թարմացնել iPad Pro շարքը՝ թարմացված պրոցեսոր եւ կատարելագործված տեսախցիկներ ավելացնելով: Նոր մոդելները ներկայիս iPad Pro-ին նման կլինեն էկրանի չափերով՝  11 եւ 12.9 դյույմ: Ընկերությունը պատրաստվում է նաեւ վերազինել գաջեթների խոշոր տարբերակի էկրանները մինի-LED տեխնոլոգիայով, ինչը պատկերն ավելի պայծառ եւ կոնտրաստային կդարձնի, փոխանցում է «Գազետա»-ն:

Աղբյուրի տվյալներով՝ նոր պլանշետը փորձարկելիս մշակողներն օգտագործել են Thunderbolt միակցիչը: Այս պորտի օգնությամբ սարքին հնարավոր կլինի լրացուցիչ մոնիտորներ, արտաքին կոշտ դիսկեր եւ այլ ծայրամասային սարքեր միացնել, նշում է գործակալությունը:

Apple-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունը: