Facebook-ը նախատեսում է Instagram-ի տարբերակ ստեղծել մինչեւ 13 տարեկան երեխաների համար, գրում է BuzzFeed-ը՝ վկայակոչելով Instagram-ի մասով փոխնախագահ Վիշալ Շահի հայտարարությունը:
Հաղորդվում է, որ նոր նախագիծը վերահսկելու է Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին, իսկ գլխավորելու է փոխնախագահ Պավնի Դիվանջին:
Instagram-ի օգտագործման պայմանները ներկայումս արգելում են հավելվածի օգտագործումը 13 տարեկանից ցածր երեխաներին:
Մոսերին ասել է, որ նախագիծը գտնվում է մշակման վաղ փուլում եւ հավելել է, որ Instagram-ը դեռ «մանրամասն պլան» չունի:
«Երեխաները սկսում են ավելի հաճախ հարցնել իրենց ծնողներին՝ արդյոք իրենք կարող են միանալ հավելվածներին իրենց ընկերներից հետ չմնալու համար: Ծնողներն այս պահին շատ տարբերակներ չունեն, ուստի մենք աշխատում ենք լրացուցիչ արտադրանքի ուղղությամբ, ինչպես դա արեցինք Messenger Kids-ի դեպքում,- The Hill-ին ասել է Facebook ընկերության ներկայացուցիչը:- Մենք ուսումնասիրում ենք Instagram-ում ծնողների կողմից վերահսկվող համակարգ ներդնելու հնարավորությունը՝ երեխաներին իրենց ընկերներից հետ չմնալու, նոր հոբբիներ, հետաքրքրություններ հայտնաբերելու գործում օգնելու համար»:





























