Մարտի 19-ին տեսակապի միջոցով կայացել է զրույց ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի եւ Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Ստանիսլավ Ռաշչանի միջեւ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-սլովենական հարաբերությունների երկկողմ, ինչպես նաեւ բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ կատարվեց նախատեսված քաղաքական խորհրդակցությունների օրակարգին եւ ԱլԳ գալիք գագաթաժողովին:
ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը եւ հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցները մտահոգություն հայտնեցին մարդասիրական աջակցության տրամադրման գործընթացի քաղաքականացման եւ արհեստական խոչընդոտների ստեղծման առնչությամբ:
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է միջազգային մարդասիրական, ինչպես նաեւ մարդու իրավունքների շարունակվող խախտումները բացառելու անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում նա անընդունելի համարեց Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների խախտումները, մասնավորապես, ընդգծելով հայ ռազմագերիների եւ պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի եւ Լաչինի միջանցքով դեպի Արցախ մարդասիրական օգնության անխափան մուտք գործելու կարեւորությունը:




























