Չինաստանը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին վերացնել Դոնալդ Թրամփի վարչախմբի՝ Չինաստանի նկատմամբ քաղաքականության ազդեցությունն ու խուսափել նոր խնդիրներ ստեղծելուց, ասված է Ալյասկայում հանդիպման արդյունքում չինական կողմի հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի, ինչպես նաեւ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի ու արտաքին գործերով հանձնաժողովի ղեկավար Յան Ցզեչիի մասնակցությամբ ամերիկա-չինական ռազմավարական երկխոսությունը տեղի է ունեցել մարտի 18-19-ին Անկորիջում:
«Վերջին մի քանի տարիներին այն պատճառով, որ ԱՄՆ նախկին վարչախումբն անցկացրել է ծայրահեղ սխալական հակաչինական քաղաքականություն, լուրջ վնաս է հասցվել Չինաստանի շահերին եւ ամերիկա-չինական հարաբերություններին: Չինաստանը ստիպված է ձեռնարկել համապատասխան եւ անհրաժեշտ միջոցներ իր ինքնիշխանությունը, անվտանգությունն ու զարգացման շահերը պաշտպանելու համար»,-ասված է շաբաթ Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսության տարածած հայտարարության մեջ:
Նշված է, որ «Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին վերացնել նախկին վարչակազմի կողմից Չինաստանի նկատմամբ սխալական քաղաքականության ազդեցությունն ու միեւնույն ժամանակ խուսափել նոր խնդիրներ ստեղծելուց»:





























