Նիկոլ Փաշինյանը չի գալու Արցախ, քանի որ նա վախից չի կարողանա անցնել Շուշիի կողքով։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Նիկոլ Փաշինյանին ու իր տիկնոջը ամեն օր արցախցին ասում է, եւ կարծում եմ՝ իրենք լսում են դա։ Այդ խոսքի գերակշիռ մասը անեծքն է որդեկորույս մայրերի, հայրերին կորցրած երեխաների, իրենց պապերի ստեղծածը կորցրած մեր հայրենակիցների։ Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինը գալիս էին շատ հաճախ, որպեսզի արցախցուն համոզեին, որ թուրքը այդքան էլ վատը չէ, որ թուրքի հետ կարելի է կողք կողքի ապրել։ Եւ երբ տեսան, որ արցախցուն դա համոզել հարավոր չէ, արեցին այնպես, որ արցախցին այսօր կողք կողքի ապրի թուրքի հետ։ Իմանալով Նիկոլ Փաշինյանի վախկոտ տեսակը՝ նա միանշանակ չի գալու Արցախ, ինչպե՞ս է ադրբեջանցիների կողքով, Շուշիի կողքով անցնելու։ Եթե մեքն այսօր ամոթով ենք անցնում, նա վախից չի կարողանա անցնել։ Հաջորդ պայմանն էլ, որ իր եղբայրը Ադրբեջանում թույլ չի տալիս, որ նա գնա Արցախ։ Բացի այդ նա վախենում է արցախցուց, որեւէ մեկը նրան կյանքի երաշխիք չի տա»,- ասաց նա։
Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ կողքից կարող է տպավորություն ստեղծվել, թե Արցախում չկա Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ, բայց իրականությունը, ըստ նրա, լրիվ հակառակն է։
«Այդպիսի արցախցի չկա, որ Արայիկ Հարությունյանին չճանաչի դեռեւս վարչապետության տարիներից։ Որքան էլ Արայիկ Հարությունյանը փորձի նորի դիմակ կրած հանդես գալ, նա ամենահին իշխանությունն է, որ կարող էր լինել, այն իշխանությունը, որ ստեղծեց քրեաօլիգարխիկ համակարգը Արցախում, Արցախ մտնող գումարները գրպանվեցին մի քանի հոգու կողմից։ Նա շատ խորամանկ է, կարծում եմ՝ նույնիսկ Հայաստանի վարչապետից ավելի, եւ շատ լավ գիտի՝ որ իրավիճակում ինչպես իրեն պահի։ Օրինակ, հիմա հետպատերազմյան Արցախը վերածել է զուտ սոցիալական խնդիրների կծիկի, որոնք իբր նա լուծում է։ 4 ամիս է անցել, բայց նա դեռ զուտ խոստումներ է տալիս։ Հայտարարություններ ենք բազմաթիվ լսում՝ գումարներ են տալիս, շինարարական աշխատանքներ իրականացնում։ Նախ, դրանից որեւէ մեկը համակարգված չէ, բազմաթիվ մարդիկ են ծրագրերից դուրս մնում, բացի այդ՝ մեծ մասն ուղղակի թղթի վրա է գրված, չի էլ կատարվում»,- նշեց նա։
Մետաքսե Հակոբյանը անդրադարձավ նաև Հայաստանում սպասվելիք արտահերթ խորհրդարական ընտրություններին՝ կարծիք հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանա կորցնել իշխանությունը՝ ամեն գնով փորձելով պահել այն։ Արցախում, ըստ Մետաքսե Հակոբյանի, մարդիկ, միանշանակ, Հայաստանի վարչապետի պաշտոնում տեսնում են Ռոբերտ Քոչարյանին։
«Արցախցին, անցնելով բազմաթիվ դժվարությունների միջով, վստահ է, որ Նիկոլ Փաշինյանից առաջ ունեցել է այնպիսի երաշխավոր, որ երբեք չէր դավաճանի, այլեւ զավակի պես պահում, փայփայում էր եւ դրախտավայր էր սարքել Արցախը։ Ես դեռ չեմ հանդիպել մի արցախցու, որ ներկայումս չտեսնի Հայաստանի երկրորդ եւ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանին որպես ՀՀ վարչապետ։ Թող չշահարկեն իմ խոսքերը, թե արցախցին ինչ գործ ունի որոշելու, որովհետեւ հենց Հայաստանի վարչապետն է ասել՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, հետեւաբար դա իրավունք է տալիս արցախցուն որոշելու Հայաստանում նաեւ այդ հարցերը, եւ արցախցին, չունենալով այդ իրավունքը, հենց ինքը կորցրեց իր տունն ու տեղը»,- նշեց նա։











