2000-2009թթ. ընթացքում հանրապետությունում գիտական աստիճանի վկայագիր են ստացել 4567 հոգի, որոնցից 452-ը՝ գիտության դոկտորի եւ 4075-ը` գիտության թեկնածուի: Այս մասին նշված է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից մշակված գիտության զարգացման 2011-15 թ.թ. ռազմավարական ծրագրում:
Պետական ֆինանսավորմամբ ծրագրերում եւ թեմաներում ընդգրկված գիտական աստիճան ունեցողների միջին տարիքը կազմում է 56 տարեկան` գիտությունների թեկնածուներինը` 52 տարեկան, դոկտորներինը՝ 66 տարեկան: Ընդ որում, զգալի է միջին սերնդի պակասը՝ 27-35 տարեկանները կազմում են ընդհանուրի 15 տոկոսը, 36-50 տարեկանները` 16 տոկոսը, իսկ 60 եւ բարձր տարիք ունեցողները՝ 47 տոկոսը:
Նմանատիպ պատկեր է նաեւ գիտական կազմակերպությունների ճարտարագիտատեխնիկական անձնակազմի համար. եթե մինչեւ 35 տարեկանները կազմում են ընդհանուրի 40 տոկոսը, ապա 36-55 տարեկանները՝ 24 տոկոսը, իսկ 60 եւ բարձր տարիք ունեցողները՝ 28 տոկոսը:




























