Ցուցարարները արգելափակել են Բեյրութի կենտրոնական փողոցները Համրայի շրջանում եւ ընկածների հրապարակում, իսկ այրվող անվադողերով արգելափակել են Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնը օդանավակայանի հետ կապող մայրուղին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Երիտասարդների խմբերը այրել են աղբամաններն ու անվադողերը Կենտրոնական բանկի շենքի մոտ, մարզական ավանի հարեւանությամբ, Մազրաա փողոցում եւ Լիբանանի մայրաքաղաքի այլ մասերում:
Անկարգությունները վերսկսվել են այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ կառավարության ձեւավորման հարցի շուրջ վարչապետ Սաադ Հարիրիի եւ նախագահ Միշել Աունի հերթական հանդիպումն անարդյունավետ է եղել:
Բանակցությունների ձախողումից հետո լիբանանյան ֆունտը նույնպես սկսել է ընկնել՝ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում դրա փոխարժեքը դոլարի նկատմամբ ընկել է 2,3 հազարով, եւ այժմ ամերիկյան արժույթը կարելի է 14 հազար ֆունտով գնել «սեւ շուկայում»:
Ավելի վաղ Հարիրին Բաաբդայում գտնվող պալատում Աունի հետ կարճատեւ հանդիպումից հետո հայտարարել էր, որ հրաժարվում է ընդունել պետության ղեկավարի առաջարկը` կապված այն բանի հետ, որ այն ներառում է նախարարությունների բաշխումը կրոնական ցուցանիշով եւ նախանշում է արգելափակող մեծամասնությունը՝ հօգուտ նախագահի քաղաքական թիմի:
Երեքշաբթի, մարտի 16-ին, Աունը հայտարարել էր, որ Հարիրին ստիպված կլինի հեռանալ, եթե չկարողանա ստեղծել եւ ղեկավարել ազգային փրկության կառավարություն: Լիբանանի նախագահը վարչապետին կոչ էր արել գալ Բաաբդայում գտնվող նախագահական պալատ, որպեսզի «անմիջապես, իր հետ համաձայնության գալով, կառավարություն կազմի... առանց արդարացումների կամ ձգձգումների»: Հարիրին, ի պատասխան Աունի կոչի, առաջարկել էր անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ, եթե նախագահը կառավարության ձեւավորման մասին հրամանագիր չստորագրի: Հերթական հանդիպումը տեղի էր ունեցել հինգշաբթի օրը՝ Բաաբդայի պալատում:
Լիբանանի սահմանադրության համաձայն, կառավարությունը չի կարող ձեւավորվել առանց հանրապետության նախագահի ստորագրության, միեւնույն ժամանակ, սահմանադրության մեջ չկա որեւէ կետ, որը կարող է ստիպել վարչապետ Հարիրին հրաժարական տալ:
Հոկտեմբերի վերջին վարչապետի պաշտոնը կրկին ստացավ Հարիրին, որը հայտարարեց արագ նախարարների կաբինետ ստեղծելու իր պատրաստակամության մասին, որպեսզի օգտվեր ֆրանսիական նախաձեռնությունից եւ աջակցություն ստանար: Փաստորեն, Հարիրին մինչ այժմ չի կարողացել գտնել փոխզիջումային կազմ, որը կբավարարեր բոլոր կողմերին:




























