Քանի դեռ Հայաստանը գոնե կիսով չափ դիվանագիտական եւ ռազմական առումով ինքնաբավ պետություն չէ, ճանապարհների եւ հաղորդակցությունների բացումը կբխի միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերից: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստին խորհրդարանական ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Ըստ խորհրդարանականի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի վերջնական նպատակը Հայաստանի ոչնչացումն է պանթուրքիստական նախագծի շրջանակներում: «Եվ նրանք դա չեն թաքցնում, երբ Զանգեզուրը, Երեւանը, Սեւանը եւ ընդհանրապես Հայաստանը իրենց պատմական տարածքն են հայտարարում»,- ասաց Աբովյանը: Պատգամավորը հիշեցրեց նաեւ, որ Թուրքիան Հայաստանի սահմանից 15-16 կմ հեռավորության վրա ուժեղացնում է իր չորրորդ բանակային կորպուսը:
«Ադրբեջանը եւ Թուրքիան պարբերաբար զորավարժություններ են անցկացնում եւ կրկին՝ հայ-թուրքական սահմանին կամ Հայաստանի եւ Ղարաբաղի՝ ժամանակավորապես օկուպացված տարածքների սահմանին»,- շեշտեց խորհրդարանականը:





























