Վերջերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ ապրիլի 24-ի ուղերձը այդպիսի դրսեւորումներից մեկը կլինի: Այս մասին մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Փորձագետի խոսքով՝ Բայդենի գալով քաղաքականությունը զգալիորեն փոխվում է:
«Մենք դառնում ենք համաշխարհային մասշտաբով ԱՄՆ ռազմավարության փոփոխության վկաները: Վաշինգտոնի արտաքին քաղաքականության կենտրոնը տեղափոխվում է Խաղաղ օվկիանոսի տարածաշրջան: Սա նշանակում է, որ Մերձավոր Արեւելքը, որին ԱՄՆ-ն տասնյակ տարիներ շարունակ առաջնահերթ նշանակություն էր տալիս, Վաշինգտոնի մոտեցումներում այլեւս այդպիսին չէ: Սա, իր հերթին, վկայում է այն մասին, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ Թուրքիայի նշանակությունը թուլանում է»,- հավելեց նա:
Սաֆրաստյանը նշեց, որ Բայդենի գալուց հետո Թուրքիայի ղեկավարությունը ամեն կերպ փորձում է նրա հետ հեռախոսային զրույց ունենալ, սակայն առայժմ Վաշինգտոնից արձագանք չկա:
«Դրանից բացի, վերջերս ԱՄՆ մեծ թվով խորհրդարանականներ նախագահին են դիմել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով: Սա անչափ նշանակալի փաստ է՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում երկու կուսակցությունների միջեւ հարաբերությունները չափազանց սրվել են: Եվս մեկ ազդակ է այն, որ Բայդենի վարչակազմը խոսում է մարդու իրավունքների գծի ուժեղացման մասին: Սա նույնպես մեծացնում է Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունները, քանի որ այս հարցը դիտարկվում է մարդու իրավունքների համատեքստում»,- շեշտեց թուրքագետը:
Սաֆրաստյանը միաժամանակ պարզաբանեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը մեծ տերությունների կողմից հիմնված է նրանց աշխարհաքաղաքական մոտեցումների վրա:
Հիշեցնենք, որ վերջերս ամերիկացի քաղաքագետ Յան Բրեմերը իր Twitter-յան էջում նշել էր, որ ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը:





























