Ցանկացած կառավարման ձեւի պարագայում հստակ պետք է գործեն հակակշիռների եւ զսպումների մեխանիզմներ, եթե դրանք չկան, կառավարման ցանկացած ձեւ ձախողված է: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Գոռ Գեւորգյանը:

«Կառավարման ձեւի ընտրության մասին խոսելիս պետք է հիմք ընդունվեն տվյալ պետության ներսում առկա քաղաքական, տնտեսական ավանդույթները, հասարակության հոգեկերտվածքը, տարծաշրջանում զբաղեցնող դերը, հարաբերությունները հարեւանների հետ:

Վերջին շրջանի իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանում խորհրդարանական կառավարման ձեւը չի աշխատում եւ խորհրդարանն ամենեւին էլ չի կարողանում հանդիսանալ առաջնահերթ քաղաքական ամբիոն»,-ասաց նա՝ հավելելով. «Մեր դեպքում ունենք խորհրդարանական կառավարման ձեւ, բայց սուպերվարչապետական կառավարման ձեւը գերակշիռ է պառլամենտանիզմի նկատմամբ»: