Հիմա Հայաստանում նախընտրական շրջան է, եւ լրագրողները, իմանալով, որ մենք կառավարություն ունենք, որն անընդհատ փորձելու է ծեծել նրանց, պետք է զգույշ լինեն: Այս մասին մարտի 24-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին հայտարարեց անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի կողմից բռնության ենթարկված լրագրող Փայլակ Ֆախրադյանի ծեծին:
Պատգամավորը, մասնավորապես, նշեց, որ երբ տեղի ունեցան 2018-ի հայտնի իրադարձությունները, բազմաթիվ փոփոխությունների հետ մեկտեղ մարդկանց մոտ հույս առաջացավ, որ հին կարգերը, բարքերն ու հարաբերությունները կփոխվեն:
Սակայն, ինչպես նշեց Ուրիխանյանը, ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ փոխվել են միայն տրված խոստումների ծավալը եւ դրանց կատարման եղանակը:
«Ներկայիս կառավարության կողմից տրված շատ խոստումներ մինչեւ հիմա չեն կատարվել: Երբ երկրի զարգացման եւ առաջընթացի համար պատասխանատու պաշտոնյան, մասնավորապես՝ նախարարը, լրագրողի է ծեծում եւ դրանից հետո նույնիսկ դատապարտման չի արժանանում իր իսկ թիմի կողմից, դա, համաձայնեք, բացառիկ իրավիճակ է»,- շեշտեց պատգամավորը:











