Հայաստանը մտադիր է մշակույթը որպես դիվանագիտության գործիք օգտագործել: Այս մասին մարտի 24-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը:
Նրա խոսքով՝ մարտի 20-ին հանրապետության արտաքին գործերի նախարարությանն առընթեր ստեղծված մշակութային դիվանագիտության հանձնաժողովն անցկացրեց իր առաջին նիստը: Այվազյանը նշեց, որ պլատֆորմի ստեղծումը շատ կարեւոր է, քանի որ այժմ, առավել քան երբեւէ, անհրաժեշտ է ակտիվացնել միջազգային համագործակցությունը եւ փոխգործակցությունը համաշխարհային հանրության հետ:
«Այս առումով մշակույթը, որպես փափուկ ուժի գործոն, շատ կարեւոր է: Ստեղծելով այս հարթակը՝ մենք մշակույթը մեր դիվանագիտության կարեւոր գործիքի վերածելու հայտ ենք ներկայացնում»,- շեշտեց նախարարը:
Նա նշեց, որ հազարամյա ժառանգությունը, մշակույթը եւ արվեստը դիվանագիտության օգնությամբ պետք է երկրի այցեքարտերից մեկը դառնան աշխարհում:
«Անհրաժեշտ է Հայաստանին վերադարձնել տարածաշրջանի գիտության եւ մշակույթի կենտրոնի իմիջը», - ասաց արտգործնախարարը:
Այվազյանը նաեւ հայտնեց, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ակտիվորեն աշխատում է Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մշակութային արժեքների պահպանման ուղղությամբ:





























