Ռուսաստանից գնված Սու-30ՍՄ կործանիչների մասին իմ երկու հայտարարությունները չեն հակասում միմյանց: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
«Նախ ֆիքսենք, որ Սու-30ՍՄ-ն գերժամանակակից եւ հզոր զենք է, սակայն եթե իր ողջ համալիրով է: Ակնհայտ է, որ ինքնաթիռի եւ հրթիռների արտադրողները միեւնույն սուբյեկտը չէ»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ գնումն իրականացվել է ոչ թե փաթեթով, այլ առանձին՝ տարբեր սուբյեկտներից:
«Ինքնաթիռները ժամանել են 2020 թվականի մայիսին եւ զորվարժություններում գործի դրվել հրթիռների կիրառմամբ, որոնք արդեն եղել են հայկական բանակի զինանոցում: Կոնկրետ ռազմական իրավիճակում դրանք օգտագործելը կամ չօգտագործելը կախված էր նրանից, թե որքանով է առկա սպառազինությունը թույլ տալիս լուծել առաջադրված մարտական խնդիրները»,-պարզաբանեց վարչապետը:
Ելնելով վերը թվարկածից՝ վարչապետը վստահեցրեց, որ Սու-30-ի հետ կապված նախկինում իր կողմից արված հայտարարությունները ոչ մի կերպ չեն հակասում միմյանց:
Նշենք, որ ավելի վաղ Արագածոտնի մարզում Օհանավանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանից Սու-30ՍՄ կործանիչներ է գնել առանց հրթիռների: Սակայն 2020 թվականի հուլիսին նա հայտարարել էր, որ կործանիչները զորավարժություններ են անցկացրել՝ խոցելով թիրախները «օդ-ցամաք» հրթիռներով եւ անգամ տեսանյութ էր հրապարակել: Ավելի վաղ Փաշինյանը խոսել էր «Իսկանդերների» անսարքության մասին: Սկանդալից հետո վարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ նրան սխալ տեղեկություն էր փոխանցվել:





























