Նորագույն մշակման շնորհիվ տեսողության սահմանափակ հնարավորություններով մարդիկ ավելի հեշտ կկողմնորոշվեն տարածության մեջ: Արհեստական ինտելեկտով ուսապայուսակի օգնությամբ հնարավոր կդառնա մեծ հարմարավետությամբ տեղաշարժվել փողոցներում. խելացի պայուսակը նախապես կզգուշացնի մայթի եզրապատնեշի, ճանապարհային նշանների եւ ցուցանշանների, լուսակիրների եւ ճանապարհին խոչընդոտների մասին, փոխանցում է Planet- today-ը: 

Ստեղծողների մտահղացմամբ՝ սա ոչ թե ուղղակի ուսապայուսակ է, այլ «ինտելեկտուալ» իրերի մի ամբողջ հավաքածու՝ ուսապայուսակ, բաճկոն եւ գոտու պայուսակ: Բաճկոնի մեջ տեղադրված է ոչ մեծ տեսախցիկ, որը ֆիքսում է շրջակա իրադրությունը եւ տեղեկությունը հաղորդում մինի համակարգչին: Այստեղ արհեստական ինտելեկտի միջոցով տեղի է ունենում տվյալների ճանաչում եւ վերլուծություն, որոնք հետո ուղարկվում են տիրոջը՝ խոչընդոտների, խափանումների կամ նրա ճանապարհին անհրաժեշտ օբյեկտների մասին հուշումների ձեւով:

Գյուտարարները, բնականաբար, չեն մոռացել այն մասին, որ վատ տեսնող եւ կույր մարդկանց համար ավելի հարմար լինի ձայնի միջոցով ինտելեկտուալ իրերի հետ շփվելը: Ուստի նորույթն առանց որեւէ խնդրի կարող է «լսել» տիրոջ բոլոր անհրաժեշտ հրամանները:

Այս պահին սարքը մեկ բացասական կողմ ունի՝ այն չափից ավելի շատ էներգիա է ծախսում, եւ մարտկոցի մեկ լիցքավորումը բավականացնում է 8 ժամ անընդհատ աշխատելու համար: Մասնագետները, սակայն, հիմա ակտիվորեն աշխատում են այս խնդրի վրա: Եվ մոտ ժամանակում այն, հավանաբար, հաջողությամբ կլուծվի: