Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանն այսօր՝ մարտի 25-ին, մերժել է վարչապետի աշխատակազմի ներկայացրած միջնորդությունը իր ինքնաբացարկի վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբանը՝ Արթուր Հովհաննիսյանը։  «Դատարանը հիմնավորել է, որ ինքնաբացարկ ներկայացնելու հիմքեր չկան»,– ասաց փաստաբանը, ապա անդրադարձավ վարչապետի աշխատակազմի կողմից դատավորին ներկայացված ինքնաբացարկի հիմքերին. «Դատավորը երբ վերադարձրել էր մեր հայցը, մենք արագ առձեռն ստացել էինք այդ հայցը, նորը լրամշակել եւ մուտք արել, որից հետո դատարանն արագ հայցի ապահովում է կիրառել, որից հետո էլ իբր թե ես այլ տեղից ինֆորմացիա ունեի, որ բավարարել  էր հայցի ապահովումը: Լուրջ բան չկար, սա էր, դրա  համար էլ մենք վստահ էինք, որ դատարանը մերժելու է։ Դատարանն արել էր այն՝ ինչ սովորաբար այլ գործերով դատարաններն  անում են։ Եթե կողմը կապի մեջ է դատարանի աշխատակազմի հետ, եւ խնդրում է, որ թղթերը ոչ թե պոչտայով ուղարկեն, այլ առձեռն տան, դատարանի աշխատակազմը պարտավոր է դա անել»։

Հիշեցնենք, որ մարտի 17–ին, Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը  բավարարել էր Օնիկ Գասպարյանի փաստաբանների կողմից ներկայացված միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, ինչը նշանակում էր, որ  Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել որպես Գլխավոր շտաբի պետ:

Դատարանի որոշումից հետո, վարչապետի աշխատակազմը  դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել։

Հիշեցնենք նաեւ, որ դատարանի որոշումից մեկ օր անց՝ մարտի 18–ին, ԱԱԾ–ն այցելել էր դատարան՝ ցանկացել հանդիպել  Մհեր Պետրոսյանին, սակայն նա  մերժել էր։