Twitter-ը, հետեւելով Facebook-ին, կարող է գրառումներին սմայլիկ-արձագանքներ ավելացնել: TechCrunch-ը գրում է, որ սոցցանցը որոշ օգտվողների հրավիրել է մասնակցել հարցմանը, որպեսզի որոշի, թե էլի ինչ արձագանքներ, բացի ավանդական ռեթվիթից եւ սրտիկից, իրենց չի բավարարում հարթակում:
Ընտրության համար Twitter-ն առաջարկել է խորհրդանիշների մի քանի հավաքածու, ներառյալ ծիծաղող, տխուր եւ զայրացած սմայլիկներ, կրակ, վեր բարձրացրած ձեռքեր, ինչպես նաեւ հավանել ու չհավանել (բութ մատը վերեւ եւ ներքեւ), գրում է Forbes-ը:
Սոցիալական ցանցի ներկայացուցիչը TechCrunch-ին հաստատել է, որ ընկերությունը «ուսումնասիրում է օգտվողների ինքնարտահայտման լրացուցիչ եղանակներ»: Նրա խոսքով՝ նոր արձագանքները թույլ կտան ավելի լավ հասկանալ թվիթների ենթատեքստը եւ բազմազան կդարձնեն հաղորդակցությունը: Միեւնույն ժամանակ, Twitter-ում ընդգծել են, որ նոր են սկսել ուսումնասիրել նոր խորհրդանիշներ ավելացնելու հնարավորությունը, եւ որ դրանք չեն փոխարինի առկա «Like» կոճակին:
Ինչպես նշել է TechCrunch-ը, հարցման կետերից մեկում մասնակիցներին նաեւ հարցրել են, թե ինչպես նրանք կարձագանքեն իրենց գրառման տակ դրված չհավանելուն: Twitter-ում հասկանում են, որ իրենց գրառումների նկատմամբ մարդկանց արձագանքով մտահոգ օգտվողները կարող են սկսել ավելի հազվադեպ օգտվել ծառայությունից, գրում է թերթը:





























