Google-ը 25 միլիոն եվրո կներդնի կեղծ լուրերի դեմ վերջերս ստեղծված ԶԼՄ-ների եւ տեղեկատվության եվրոպական հիմնադրամում, հայտնում է Reuters-ը:

«Անցյալ տարվա անորոշության եւ խնդիրների պայմաններում մարդկանց համար, ավելի քան երբեւէ, կարեւոր է հասանելիություն ունենալ ճշգրիտ տեղեկատվությանը եւ տարբերել փաստերը հորինվածքներից»,- ասել է Google EMEA Business ստորաբաժանման ղեկավար Մեթ Բրիթինը:

Անցյալ տարի COVID-19-ի համավարակը եւ ԱՄՆ-ի ընտրությունները ապատեղեկատվության մեծ ալիք բարձրացրեցին, ընդ որում՝ ոմանք մեղադրում են սոցիալական ցանցերին այն բանի համար, որ նրանք մեծ ակտիվություն չեն ցուցաբերում խնդրի լուծման հարցում, մինչդեռ կարգավորիչները նշում են, որ նրանք կարող են քայլեր ձեռնարկել՝ կոշտ սահմանափակումների միջոցով:

Անցյալ շաբաթ Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի եւ Եվրոպական համալսարանի ինստիտուտի կողմից ստեղծված ԶԼՄ-ների եւ տեղեկատվության եվրոպական հիմնադրամը նպատակ ունի ներգրավել փաստերը ստուգող փորձագետների, հասարակական կազմակերպությունների եւ հանրային շահերի վրա կողմնորոշված այլ հաստատությունների` կեղծ լուրերի դեմ պայքարում օգնելու համար:

Հիմնադրամի գործունեության ժամկետը հինգ տարի է: Անցյալ տարի ստեղծված եւ Եվրոպական հանձնաժողովի նախագիծ հանդիսացող Թվային մեդիայի եվրոպական աստղադիտարանը, որը բաղկացած է փաստերը ստուգող մասնագետներից եւ ակադեմիական հետազոտողներից, կգնահատի եւ կընտրի նախագծերը: