Մարտի 26-ին, ժամը 15.50-ին, ոստիկանություն զանգահարեց մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ մի կին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ահազանգը բնակարանային գողության մասին էր: 39-ամյա կինը հայտնում էր, որ այդ օրը, ժամը 10.30-ից 15.40-ն ընկած ժամանակահատվածում, երբ ինքը բացակայել է տնից, դուռը բացել եւ գողացել են փող ու ոսկեղեն: Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, տուժած կնոջից ընդունեց հաղորդում:
Ուսումնասիրվեց հանցագործության վայրը. տունը խառնշտորած էր, բայց ո՛չ կողպեքն էր կոտրած, ո՛չ դուռ ու պատուհան կար վնասված: Կարելի էր եզրակացնել, որ կատարվածը, այսպես ասած` պրոֆեսիոնալի գործ էր: Արաբկիրի քրեական հետախույզները, համագործակցելով բաժնի անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի աշխատակիցների հետ, անցան բացահայտման գործին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ ժամը 11.20-ի սահմաններում երկու տղամարդ, բժշկական դիմակներով եւ գլխարկներով, կասկածելի վարքագծով, մտնում են շենքի մուտք եւ մոտ կես ժամ անց դուրս գալիս տոպրակներով: Օպերատիվ հարցումներ անցկացվեցին շենքում եւ հարակից տարածքներում: Պարզվեց, որ տղամարդիկ տեղի բնակիչ չեն:
Կասկածներն ավելի հիմնավոր դարձան, երբ պարզվեց, որ նույն անձինք նույն շենքի նույն մուտք մտել են նաեւ նախորդ օրը, ուսումնասիրել տարածքը: Մնում էր գտնել այդ տղամարդկանց:
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ գողությունից հետո տղամարդիկ քայլել էին դեպի Բաղրամյան պողոտա, նստել պատահական տաքսի, ուղեւորվել Նոր Նորքի երկրորդ զանգված: Այստեղ, ամենայն հավանականությամբ հետքը կորցնելու նպատակով, իջել եւ այլ տաքսի էին նստել ու մեկնել Ջրվեժ:
Հաջողվեց պարզել նաեւ, որ տղամարդիկ բնակություն են հաստատել Ջրվեժի հյուրանոցային համալիրներից մեկում: Դեպքի հաջորդ օրը բնակարանային գողության բացահայտումն ամբողջացավ: Մարտի 27-ի երեկոյան Արաբկիրի քրեական հետախույզները ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գործընկերների հետ մեկնեցին Ջրվեժ: Հյուրանոցային համալիրում, որտեղ ժամանակավոր բնակվում էին, նրանք հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին:
Նրանցից մեկի մոտ խուզարկությամբ հայտնաբերվեց բնակարանից գողացված ոսկե շղթան: Տղամարդիկ ոչ միայն մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի, այլեւ, ընդհանրապես, ո՛չ Երեւանի, ո՛չ էլ Հայաստանի բնակիչ չէին: Օտարերկրացիներ 32 եւ 44 տարեկան տղամարդիկ, ըստ նախնական տեղեկության, Հայաստան էին եկել, ինչպես իրենք են ասում` «գաստրոլների»:
Բացի իրեղեն ապացույց ոսկյա շղթան, խուզարկությամբ հայտնաբերվել է նաեւ այլ ոսկեղեն ու խոշոր գումար: Քննությամբ դեռ կպարզվի դրանց ձեռքբերման աղբյուրը, նաեւ` թե էլ ինչ հանցավոր արարքներ են գործել: Կան տվյալներ, որ նրանք նախկինում արդեն իսկ դատապարտված եղել են:
Իսկ մեր ոստիկանների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում ոչ միայն բացահայտվեց բնակարանային գողությունը, այլեւ կասեցվեցին օտարերկրացիների վտանգավոր «հյուրախաղերը» Հայաստանում:
Երկուսն էլ ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն:











