Ամերիկյան դոլարը, որը միջազգային շուկայում եվրոյի հետ մրցակցությունում վերջին օրերին արժեւորվում էր, Հայաստանում ընդհակառակը` անուժ եւ անօգնական արժույթի տեսք ունի: Մի քանի օր է` բորսայում սկսվել է դոլարի արժեզրկման գործընթաց: Ամենայն հավանականությամբ` դա կապված է մթերումների սեզոնի սկսման հետ:
Այսօր` հունիսի 17-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 373.84 դրամ` վերջին 1 ամսում սա դոլարի ամենացածր մակարդակն է: Ընդհանուր առմամբ վաճառվել է 2.4 մլն դոլար: Առավել հավանական է, որ ԿԲ-ն չի միջամտել փոխարժեքին:
Կանխիկ արտարժույթի շուկան անմիջապես արձագանքել է դոլարի բորսայական անկմանը: Կանխիկ դոլարի համար առավելագույնը առաջարկվում է 373 դրամ, վաճառքի փոխարժեքը սկսում է 375-ից: Նախորդ օրվա համեմատ կանխիկ դոլարը էժանացել է 1 դրամով:




























