Արմանդ Համմերի (Լոս Անջելես) մշակության կենտրոնում եւ արվեստների թանգարանում հունիսի  18 -ին կկայանա «Հայաստանի վերջին լարախաղացը» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը:

Ցուցադրության կազմակերպիչը ԱՄՆ-ում գործող հայկական «Արփա» հիմնադրամն է:

Նշենք, որ ռեժիսորներ Իննա Սահակյանի եւ Արմինե Երիցյանի այս ֆիլմը լավագույնն էր ճանաչվել 2011 թ.  հունվարի 25-ից փետրվարի 1-ը Նյու Յորքում կայացած պարային փաստագրական ֆիլմերի  39-րդ փառատոնում (Dance on Camera Film Festival):

«Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը պատմում է հայ լարախաղաց վարպետներ Ժորա Արմենակյանի ու Կնյազ Մհերյանի եւ Հայաստանում նրանց անհետացող արվեստի մասին:

2010թ. հոկտեմբերի 17-ին ամերիկյան PBS հեռուստաընկերությամբ կայացել էր ֆիլմի պրեմիերան:  Ֆիլմը ցուցադրվել է նաեւ Ճապոնիայում, Շվեյցարիայում, Լեհաստանում, Ֆինլանդիայում եւ այլ երկրներում:

«Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը հաղթել է նաեւ Բելգրադի ազգային ֆիլմերի  XIX փառատոնում:

Հոկտեմբերի 22-ին ֆիլմը ցուցադրվել է Լայպցիգի միջազգային փառատոնում, իսկ հոկտեմբերի 24-ին Տորոնտոյում կայացած հայկական  «Նուռ» փառատոնում: