Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը մեղադրել է միջազգային կառույցներին` մշակութային ցեղասպանությանը մատների արանքով նայելու մեջ:
Խառատյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, թե Փարիզում ցուցահանդեսում վերջերս տեղի ունեցած սկանդալը վերջակետ դրեց ՄԱԿ-ի եւ մասնավորապես UNESCO-ի կանոնադրության դրույթների «կատարման» հարցում: Նշենք, որ միջադեպը տեղի էր ունեցել UNESCO-ի կենտրոնակայանում խաչքարերի ցուցահանդեսում, երբ ջնջել էին որոշ խաչքարերի տեղակայման վայրերի հիաշատակումները:
Այդ համատեքստում Խառատյանը նկատել է, որ UNESCO-ն միջոցներ չձեռնարկեց, երբ մի քանի տարի առաջ ակտիվորեն ոչնչացվում էին հայկական խաչքարերն ու գերեզմանաքարերը Նախիջեւանում:
Ավելին, ՄԱԿ-ի թողտվությամբ փախստականների եւ ռասիզմի զոհերի առաջացման պայմաններ են ստեղծվում, ապա մշակութային եւ քաղաքական միջոցներ են ձեռնարկվում այդ թողտվության հետքերը վերացնելու համար:
Նշենք, որ 2005թ. դեկտեմբերին ադրբեջանական զինված խմբավորումները ներխուժել էին Հին Ջուղայի հայկական գերեզմանատուն եւ ոչնչացրել հայկական խաչքարերը` դրանք լցնելով Արաքսը:




























