Երեւանի մի շարք մարդաշատ վայրերում տեղադրվել են շուրջօրյա հսկողության տեսախցիկներ։ Խոշոր հրապարակներում՝ Հանրապետության, Ազատության, Շառլ Ազնավուրի, Ֆրանսիայի հրապարակներում, Ծիծեռնակաբերդում,  Սասունցի Դավթի հրապարակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղադրված տեսախցիկներին կարելի է առցանց հետեւել www. myyerevan.am կայքում (այստեղ՝ http://www.myyerevan.am/index.php?Lang_ID=1&camera_ID)։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ի տնօրեն Արա Յաղջյանը, նշելով, որ շուտով կայքի միջոցով հնարավոր կլինի առցանց հետեւել եւս 3 հրապարակների։

Ա. Յաղջյանի խոսքով, ներկայումս Երեւանում տեղադրված են շուրջ 70 տեսախցիկներ, այդ թվում 10 մարդաշատ հրապարակներում, մոտ 55 մարդաշատ կանգառներում, եւս 5 տեսախցիկներ շուտով կգործեն մարդաշատ խաչմերուկներում։

«Հանրությունը հնարավորություն կունենա առցանց հետեւել միայն մարդաշատ հրապարակներում տեղադրված տեսախցիկներին, իսկ մնացած տեսախցիկները կարգուկանոնի, երթեւեկության վերահսկողության եւ անվտանգության աշխատակիցների արագ արձագանքման համար են նախատեսված»,- ասաց Ա. Յաղջյանը։

Նրա տեղեկացմամբ, մինչեւ սեպտեմբեր նախատեսվում է շուրջ 180 տեսախցիկներ տեղադրել նաեւ բոլոր մետրոներում։